Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նոր օրենք

Վախենալու՞ է արդյոք տարեկան եկամուտների հայտարարագրման պրոցեսը և վերջի ի վերջո ո՞վքեր պետք է ներկայացնեն այդ հայտարարագիրը:

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման գործընթացը, և արդեն իսկ կան բազմաթիվ թյուր կարծիքներ:

Այսօր կփորձեմ մաքսիմալ պարզ և հասկանալի բացատրել, թե ովքե՞ր պետք է ներկայացնեն այդ հայտարարագիրը, կբացեմ որոշակի փակագծեր և կբերեմ կոնկրետ օրինակներ:

Եվ այսպես, կա չորս խումբ, որոնք պարտավոր են մինչև այս տարվա մայիսի 1 -ը ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Առաջին խումբը՝ պետական և համայնքային ծառայողներն են և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

Շատ եմ լսել, որ թատրոնի դերասանը, դպրոցի ուսուցիչը կամ պոլիկլինիկայի բուժքույրը անհանգստանում են ու զարմանում, թե ինչու՞ պետք է լրացնեն այդ հայտարարագիրը: Լավ լուր ունեմ այս մասնագետների համար: Այս կետը ձեզ չի վերաբերում: Այն հիմնականում վերաբերում է Հարկային, մաքսային, ուժային կառույցներին, դիվանագիտական ծառայողներին, քաղծառայողներին և այլն:

Երկրորդ խումբը դա 2022թ.ին 1 մլրդ դրամ և ավելի եկամուտ ունեցող կազմակերպության բաժնետեր կամ փայատերերն են:

Այս կետը թվում է թե վերաբերում է քչերին, սակայն փաստացի այդպես չէ, քանի որ եթե դուք սեփականաշնորհման ընթացքում ստացել եք որևէ ընկերության թեկուզ մեկ բաժնետոմս, կամ գնել եք Հայաստանում ցուցակված ընկերություններից թեկուզ մեկ հատ բաժնետոմս, և եթե այդ կազմակերպությունը ապահովել է նշված եկամուտը, ապա դուք այս կետով պարտավոր եք ներկայացնել հայտարարագիրը:

Հաջորդը կետը վերաբերվում է կազմակերպությունների իրական շահառուներին: Կփորձեմ այս կետը բացատրել հնարավորինս պարզ, եթե դուք ունեք Հայաստանում գրանցված որևէ ընկերության 20% և ավել մասնաբաժին կամ այլ միջոցներով փաստացի իրականացնում եք իրական վերահսկողություն, ապա այս կետը ձեր մասին է։

Եվ վերջինը՝ վերաբերվում է 2023թ.ի ընթացքում 20մլն ՀՀ դրամ և ավել փոխառություն ստացած անձանց, նրանք նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիրը: Այստեղ կա մեկ շատ կարևոր բայց: Այս կետը չի վերաբերվում նշված թվով հիփոթեքային կամ այլ բանկային վարկեր ստացած անձանց: Կարծում եմ շատերդ ուրախացաք այս պարզաբանումը իմանալուց հետո:

Կարևոր է նաև իմանալ, որ կա ևս մեկ մեծ խումբ, ովքեր փաստացի պարտավոր են ներկայացնել նույն հայտարարագիրը, դա պասիվ եկամուտներ ունեցող ֆիզիկական անձիք են կամ անձիք, ովքեր ինքնուրույն են հայտարարագրում իրենց եկամուտները, օրինակ նրանք, ովքեր բնակարան են վարձով տալիս, կամ աշխատում են արտասահմանյան ընկերություններում, տոկոսային եկամուտ ունեն ֆիզիկական անձանցից և այլն:

Դե ինչ, հուսով եմ այս ամենը կօգնի ձեզ կողմնորոշվել,

իսկ եթե դեռ մնացել են բաց հարցեր, ապա կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://team2b.am/եկամուտների-հայտարարագրում/