Ի՞նչ է իրավաբանական հասցեն և ինչպես փոխել այն

Իրավաբանական հասցեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պաշտոնական, պետականորեն գրանցված հասցեն է:

Դա այն հասցեն է, որով կազմակերպությունը գրանցված է պետության մոտ: Այդ հասցեով են ստացվում պաշտոնական նամակները՝ հարկային, դատական ու պետական մարմիններից: Ու սա այն հասցեն է, որը նշվում է բոլոր իրավաբանական փաստաթղթերում:

Իրավաբանական հասցեն պարտադիր չէ, որ համընկնի փաստացի գործունեության հասցեի հետ: Կազմակերպությունը կարող է գործունեություն ծավալել այլ հասցեում, բայց գրանցված լինել մեկ այլ վայրում:

Ի՞նչ անել, եթե կարիք կա փոխելու իրավաբանական հասցեն:

Պատրաստում ենք փաստաթղթերը պետական մարմիններին դիմելու համար՝

Իրավաբանական հասցեի փոփոխության դիմում

Հիմնադրի որոշում կամ արձանագրություն

Նոր հասցեն հաստատող փաստաթուղթ՝

  • սեփականության վկայական կամ
  • վարձակալության պայմանագիր
  • կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնություն

Դիմում ենք պետական մարմիններին՝ այս դեպքում Պետական ռեգիստրի գործակալություն:

Դա կարող եք անել առցանց կամ տեղում:

Այնուհետև պետք է ստանալ գրանցման հաստատում:

Փոփոխությունը գրանցելուց հետո նոր հասցեն արդեն օրինական է համարվում:

Անորոշություններից ու հետագա անհամապատասխանություններից խուսափելու համար ցանկալի է հասցեի փոփոխության մասին տեղեկացնել այլ կառույցների ևս, օրինակ.

  • բանկերին
  • հարկային մարմնին (սովորաբար ավտոմատ թարմացվում է, բայց արժե ստուգել)
  • գործընկերներին
  • անհրաժեշտ կլինի պայմանագրերում և կայքում ևս նշել նոր հասցեն և տեղեկացնել փոփոխությունների մասին:

Այստեղ կարևոր է նաև նշել, ԱՁ եք, թե՞ ՍՊԸ 

Եթե ՍՊԸ է՝ պետք է ներկայացնել 

  1. դիմում փոփոխության մասին  (Պետռեգիստրի սահմանված ձև)
  2. Հիմնադրի որոշում (եթե միակ հիմնադիրն է) կամ հիմնադիրների ժողովի արձանագրություն
  3. նոր հասցեն հաստատող փաստաթուղթ
  • սեփականության վկայական կամ
  • վարձակալության պայմանագիր կամ
  • սեփականատիրոջ գրավոր համաձայնություն

Ժամկետներ

Սովորաբար գործողությունները կատարվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առցանց դիմելու դեպքում երբեմն նույնիսկ նույն օրը:

Պետական տուրք՝ 0 դրամ

Եթե ԱՁ է՝ պետք է ներկայացնեք

  1. դիմում փոփոխության մասին (առանց որոշման)
  2. նոր հասցեն հաստատող փաստաթուղթ (նույնը, ինչ ՍՊԸ դեպքում)

Ժամկետներ

1 աշխատանքային օր

Պետական տուրք՝ 0 դրամ

Եթե ՓԲԸ / ԲԲԸ է՝ պետք է ներկայացնել

  1. Բաժնետերերի ժողովի որոշում
  2. Դիմում
  3. նոր հասցեն հաստատող փաստաթուղթ

Ժամկետներ

մինչև 2 աշխատանքային օր

Պետական տուրք ՝ սովորաբար 0 դրամ (եթե փոխվում է միայն հասցեն)

Իրավաբանական հասցեն կարևոր տարր է կազմակերպության կամ ԱՁ գրանցման համար Հայաստանում։ Թեպետ փաստացի գործունեության հասցեն կարող է տարբեր լինել, իրավաբանական հասցեն կարելի է փոխել ցանկացած ժամանակ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը Պետական ռեգիստրի գործակալություն։ Գրանցումից հետո` նոր հասցեն համարվում է օրինական և օգտագործվում է բոլոր իրավաբանական փաստաթղթերում։