fbpx

ՔԱՅԼ 6

Լոգոյի գրանցում

Ամենատարբեր բիզնեսների մեջ առանձնանալու համար յուրաքանչյուր բիզնես իր ուրույն դիզայնն ու անունն է ստեղծում։ Լոգոյի ստեղծումն այդ քայլերից մեկն է։ Սակայն կարևոր է նաև այդ լոգոյի (ապրանքային նշանի) գրանցման գործընթացը։ Ժամանակի ընթացքում բիզնեսի ճանաչված դառնալու դեպքում լոգոյի իրավական ամրագրումը կրկնօրինակումներից և կեղծիքներից խուսափելու միջոց է։ 

Ապրանքային նշանի գրանցումը թույլ է տալիս․ 

1․ Բացառիկ իրավունքով կիրառել այդ նշանը։

2․ Արգելել երրորդ անձանց օգտագործել այն։

Եթե Ձեր ապրանքային նշանը գրանցել եք Հայաստանի Հանրապետությունում, ապա այն իրավապես պաշտպանված է լինելու միայն Հայաստանում։ 

Ապրանքային նշան/լոգո կարող են լինել՝

  • բառերը և բառակապակցությունները, 
  • անունները և կարգախոսները, 
  • տառերը կամ թվերը, 
  • նկարները կամ խորհրդանշանները, 
  • եռաչափ պատկերները, 
  • հոլոգրամները և գույները և այլն։ 

Ապրանքային նշան գրանցելու համար անհրաժեշտ է․

1․ Լրացնել հայտը (հղումները՝ https://www.aipa.am/hy/forms/ )

2․ Ներկայացնել հայտը Մտավոր սեփականության գործակալություն։

Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը հինգ ամիս է:

Ապրանքային նշան գրանցելիս անհրաժեշտ է կատարել պետական վճարումներ՝ 

  • հայտը ներկայացնելու համար՝ 30 հզր դրամ
  • փորձաքննություն անցկացնելու համար՝ 40 հզր դրամ
  • 1-ից ավել յուրաքանչյուր դասի համար՝ 15 հզր դրամ

Ֆիզիկական անձինք և 0-25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք այս տուրքերը վճարում են 75% զեղչով։ Իսկ 25-100 աշխատող ունեցող կազմակերպությունները՝ 50% զեղչով։ 

Ապրանքային նշան կարող են գրանցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Գրանցման գործողության ժամկետը 10 տարի է։