Ի՞նչ է սնանկությունը․
ԱՁ և ՍՊԸ սնանկություն։

Ի՞նչ է սնանկությունը 

Սնանկությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձի փաստացի անկարողությունն է մարելու իր բոլոր պարտավորությունները։

Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորոշության կամ ներդրված գումարը կորցնելու ռիսկի հետ։ 

Սնանկության տեսակներն երկուսն են՝

1) հարկադրված սնանկություն` եթե օրենքով սահմանված 2 մլն դրամը գերազանցող վճարային պարտավորությունները ավելի քան 90 օր ժամկետ անց են։ 

2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված 2 մլն դրամ և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը կամ պարտապանի նկատմամբ պետության կողմից ներկայացվող դրամական պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը (իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն (…))։

ՀՀ սնանկության մասին օրենքի 3-րդ հոդված

ՀՀ սնանկության մասին օրենքը իրավունք է վերապահում Պարտապանին դիմել դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու վերոնշյալ հիմքերը:

Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում սնանկության գործընթացը․

Սնանկության գործընթացը սկսվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելու օրվանից և ավարտվում՝ դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման պահից: 

Սնանկության գործընթացը կարող է ավարտվել նաև առանց անձին սնանկ ճանաչելու՝ 

  • մինչև անձին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը դիմումը հետ վերցնելու արդյունքում գործի վարույթի կարճելու, 
  • հաշտության համաձայնության կնքելու, 
  • դիմումը վարույթ չընդունելու կամ սնանկ ճանաչումը մերժելու դեպքերում։

Սնանկ կարող են ճանաչվել և՛ ԱՁ-ները, և՛ ՍՊԸ-ները, երկուսի դեպքում էլ նման ընթացակարգերը կարգավորվում են նույն օրենքով։ Եկե՛ք հասկանանք դրանց տարբերությունը․

ԱՁ և ՍՊԸ սնանկություն․

Եթե ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն չեն կարողանում պատշաճ կերպով  և ժամկետներում կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները (հարկեր, վարկեր և պարտավորության այլ տեսակներ), նրանց նկատմամբ կարող է սկսվել սնանկության գործընթաց։

ԱՁ-ն և ՍՊԸ-ն կարող են սնանկության վարույթի արդյունքում ճանաչվել սնանկ, եթե՝

  • ունեն չվճարված ֆինանսական պարտավորություններ,
  • չեն կարողանում Դրանք վճարել օրենքով նախատեսված ժամկետներում,
  • պարտատերերը կամ ֆիզիկական անձը, Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն դիմում են Դատարան։

Կարևոր է ընդգծել, որ Ա/Ձ-ի դեպքում անձը պատասխանատվություն է կրում իր անձնական ամբողջ գույքով։ Դրա մեջ կարող են ներառվել են Ա/Ձ-ին պատկանող բոլոր գույքերը՝ (մեքենան, բանկային հաշիվները և այլն) պարտավորությունները մարելու նպատակով։ Օրինակ՝ ԱՁ-ն ունի 20 մլն դրամ չվճարված պարտավորություն, բայց ձեռնարկատիրական գործունեության մեջ շրջանառվում է միայն 5 մլն դրամ, այս դեպքում Դատարանը կարող է դիտարկել նաև Ա/Ձ-ին պատկանող անձնական գույքը, եթե գնահատման արդյունքում կարող է մարել մնացած 15 մլն դրամ մնացյալ պարտավորության գումարը։ Իսկ ՍՊԸ-ների դեպքում առավելությունն այն է, որ՝ հիմնականում Ընկերության սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում իրենց պատկանող անձնական գույքով, այլ պատասխանատվությունը սահմանափակվում է միայն Ընկերությանը պատկանող գույքով (բացառություն են կազմում կեղծ կամ կանխամտածված սնանկության դեպքերը)։ 

Կարևոր է իմանալ նաև, որ կանխամտածված սնանկությունը քրեորեն պատժելի է։

Ֆինանսական առողջացման վարույթ․

Այն պարտապանի անվճարունակության վերականգնմանն ուղղված ինքնուրույն ընթացակարգ է։ Այն հնարավորություն է տալիս պարտապանին դուրս գալ ֆինանսական ճգնաժամից` իր ներքին ռեսուրսների և (կամ) արտաքին միջոցների ներգրավման շնորհիվ` միաժամանակ պարտատերերին համապատասխան իրավական երաշխիքներ տրամադրելու միջոցով և իրականացվում է պարտատերերի ու դատարանի հսկողության ներքո: 

Ֆինանսական առողջացման կարևորությունը բացատրվում է նրանով, որ այն համարվում է հենց սնանկության առաջնային նպատակ։