9
ՊԱՐԶ
ՔԱՅԼԵՐՈՎ
Եթե որոշել եք Հայաստանում բիզնես սկսել, Ձեզ նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ․ գրանցվում եք որպես անհատ ձեռնարկատե՞ր, թե՞ որպես իրավաբանական անձ:
Անհատ ձեռնարկատերը (Ա/Ձ) իրավաբանական անձ չի համարվում, այլ պարզապես ենթադրում է, որ ֆիզիկական անձը հաշվառվում է և ձեռք է բերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք:
Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Ի տարբերություն ՍՊԸ-ի՝ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:
Վստահության վրա հիմնված ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը
Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելու, վաճառքների կամ ծառայություններ մատուցելու արդյունքում շահույթ ստանալն է:
Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք:
Փակ բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն։
Ձեր նախընտրած կազմակերպաիրավական ձևն ընտրելուց հետո ժամանակն է մտածել պետական գրանցում կամ հաշվառում ստանալու մասին:
Գրանցվել հնարավոր է ինչես օֆֆլայն՝ այցելելով Պետռեգիստրի (իրավաբանական անձանց պետական ռեգիստր) Ձեր նախընտրած գրասենյակը, այնպես էլ օնլայն։
1
Ա/Ձ դեպքում հարկավոր է Ձեզ մոտ ունենալ անձնագիր և սոց․ քարտ կամ նույնականացման քարտ, ինչպես նաև վճարել 3000 դրամ պետական տուրք։
2
Իրավաբանական անձ գրանցելիս /օրինակ՝ ՍՊԸ/ անհրաժեշտ է բոլոր մասնակիցների և տնօրենների ներկայությունը, ինչպես նաև նրանք պետք է ունենան անձնագիր և սոց․ քարտ կամ նույնականացման քարտ: ՍՊԸ գրանցելիս նաև պետք է նախապես մտածել ընկերության անունը հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, որոշել ընկերության իրավաբանական հասցեն, ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը, մասնակիցների փայաբաժինների չափը, ինչպես նաև նշել ընկերության գործունեության տեսակը:
Հարկավոր է ունենալ նույնականացման քարտ, ինչպես նաև նույնականացման քարտի հետ տրվող pin կոդը։
Անհրաժեշտ է ekeng.am կայքում ակտիվացնել ստորագրությունը՝ վճարելով 3000 դրամ։
Անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք։
Երբ արդեն ակտիվացրել եք Ձեր էլեկտրոնային ստորագրությունը, կարող եք գրանցվել e-register.am կայքում:
Գրանցման մանրամասն կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ հետևյալ տեսահոլովակում:
Պետական գրանցում ստանալուց հետո բիզնեսը ունի 20 օր ժամկետ իր համար հարմար հարկման ռեժիմ ընտրելու համար։
Բացի այդ՝ բնականոն գործունեություն ծավալելու համար հարկավոր է գրանցվել Հարկային մարմնի կայքում այս հղումով:
Համակարգում գրանցվելու համար նախ պետք է գրանցել Լիազոր օգտվող, ով, ըստ էության, Ձեր կազմակերպության ադմին օգտվողն է, որը կարող է հետագայում ավելացնել կամ փոփոխել օգտվողների իրավասությունները:
Առցանց Լիազորի գրանցման ուղեցույցին կարող եք ծանոթանալ տեսանյութի օգնությամբ։
Հարկման ռեժիմի ընտրությունը բիզնես սկսելիս ամենակարևոր ու էական գործողություն է: Շատ բիզնեսներ բաց են թողնում ընտրության ժամկետը կամ մտածում են, որ պետական ռեգիստրում նշել են իրենց հարկման ռեժիմը, և դա բավարար է: Այս գործողության մեջ թերացումն ամենամեծ ֆինանսական ռիսկերն է պարունակում, ուստի հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:
Վճարում է 20% ավելացված արժեքի հարկ և 18% շահութահարկ շահույթից։
Հարկը հաշվարկվում է շրջանառությունից ֆիքսված տոկոսադրույքով՝ կախված գործունեության տեսակից։
Մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները չեն վճարում շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և/կամ շրջանառության հարկ։
Բիզնեսը գրանցելուց հետո անհրաժեշտ է նաև բացել բանկային հաշիվ, որտեղ կարտացոլվեն բիզնեսի անկանխիկ դրամական հոսքերը:
Հայաստանում գործող բոլոր բանկերը սպասարկում են իրավաբանական անձանց և Ա/Ձ-ներին:
Բիզնեսի համար բանկային հաշիվ բացելու համար հարկավոր է բանկ ներկայացնել․
1
Պետական գրանցման վկայականի բնօրինակը։
2
Ա/Ձ-ի դեպքում՝ Ա/Ձ հաշվառված անձի անձնագիրը և սոց․քարտը կամ նույնականացման քարտը։
3
Իրավաբանական անձի դեպքում հարկավոր է ներկայացնել նաև կանոնադրության բնօրինակը։
4
Իրավաբանական անձի դեպքում՝ տնօրենի անձնագիրը և սոց․քարտը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև բոլոր հիմնադիրների անձնագրի և սոց քարտի պատճենները կամ նույնականացման քարտի պատճենը:
Ցանկանում ենք նշել, որ բանկում հաշվարկային հաշիվ բացելու գործընթացը սովորաբար տևում է մոտ 15 րոպե:
Եթե Ձեր բիզնեսը ենթադրում է կանխիկ վաճառքներ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել Հսկիչ դրամարկղային մեքենա կամ առավել հայտնի ՀԴՄ սարք:
ՀԴՄ սարք հնարավոր է ձեռք բերել տարբեր ներմուծող կազմակերպություններից, կամ մեկ այլ բիզնեսից՝ արդեն շահագործած:
Եթե որոշում եք ձեռք բերել շահագործած ՀԴՄ սարք, ապա գնելուց առաջ ՀԴՄ սպասարկող ընկերություններին հայտնելով սարքի սերիահամարը՝ կարող եք պարզել, արդյո՞ք այդ պահին այդ սարքը գրանցված է այլ բիզնեսում, թե ոչ, ինչպես նաև արդյոք այդ սարքի սպասարկման գումարը վճարվա՞ծ է, թե՞ առկա է պարտք: Եթե սարքը շահագործողը այն չի հանել հաշվառումից կամ չի վճարել սպասարկման գումարը, նոր գնորդը չի կարողանա գրանցել այդ սարքը:
Գրանցման ուղեցույցը դիտե՛ք կից տեսահոլովակում։
ՀԴՄ սարք գնելուց հետո այն հարկավոր է գրանցել:
Գրանցման հայտը հանձնելուց հետո ՀԴՄ սպասարկող ընկերության աշխատակիցները կմոտենան և կկազմակերպեն ՀԴՄ սարքի կարգավորումները:
Ամենատարբեր բիզնեսների մեջ առանձնանալու համար յուրաքանչյուր բիզնես իր ուրույն դիզայնն ու անունն է ստեղծում։ Լոգոյի ստեղծումն այդ քայլերից մեկն է։ Սակայն կարևոր է նաև այդ լոգոյի (ապրանքային նշանի) գրանցման գործընթացը։
Ժամանակի ընթացքում բիզնեսի ճանաչված դառնալու դեպքում լոգոյի իրավական ամրագրումը կրկնօրինակումներից և կեղծիքներից խուսափելու միջոց է։
1
Բացառիկ իրավունքով կիրառել այդ նշանը։
2
Արգելել երրորդ անձանց օգտագործել այն։
Եթե Ձեր ապրանքային նշանը գրանցել եք Հայաստանի Հանրապետությունում, ապա այն իրավապես պաշտպանված է լինելու միայն Հայաստանում։
1․ Լրացնել հայտը (հղումները՝ https://www.aipa.am/hy/forms/ )
2․ Ներկայացնել հայտը Մտավոր սեփականության գործակալություն։
Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը հինգ ամիս է:
Ապրանքային նշան գրանցելիս անհրաժեշտ է կատարել պետական վճարումներ՝
Ֆիզիկական անձինք և 0-25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք այս տուրքերը վճարում են 75% զեղչով։ Իսկ 25-100 աշխատող ունեցող կազմակերպությունները՝ 50% զեղչով։
Ապրանքային նշան կարող են գրանցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Գրանցման գործողության ժամկետը 10 տարի է։
Գոյություն ունի ներմուծման և արտահանման գործընթացները կազմակերպելու 2 տարբերակ․
1
ԵԱՏՄ անդամ պետություններ ներմուծում և արտահանում։
2
Երրորդ երկրներ ներմուծում և արտահանում։
Եթե ներմուծում եք ԵԱՏՄ անդամ պետություններից, ապա ներմուծման ժամանակ մաքսային ձևակերպում իրականացնել անհրաժեշտ չէ, սակայն պետք է ԵՏՄ գործարքների դարանում լրացնել ներմուծվող ապրանքների ցանկը և դրանց ԱԱՀ-ն վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը։
Իսկ եթե ներմուծումը երրորդ երկրից եք կատարում, ապա Ձեր բեռը կպահպանվի մաքսային տերմինալում մինչև այն մաքսազերծելը, երբ պարտավոր կլինեք վճարել մաքսատուր և ԱԱՀ։
Ներմուծման ժամանակ ԵՏՄ գործարքների դարան սովորաբար վճարում են հաշվապահները և մաքսային ձևակերպում կատարողների կարիք չկա։ Իսկ երրորդ երկրներից ներմուծումների համար անհրաժեշտ է լրացնել ներմուծման դեկլարացիա, որի համար Ձեզ հարկավոր է մաքսային ձևակերպումների մասնագետ։
Ապրանքներ ներմուծելու կամ արտահանելու համար անհրաժեշտ է նախ ընկերությունը գրանցել մաքսային մարմնում կամ, ինչպես ընդուված է ասել, բացել «մաքսային թղթապանակ»։
Մաքսային թղթապանակ բացելը հնարավոր է բացառապես օֆլայն տարբերակով։
Անհրաժեշտ է մոտենալ մոտակա մաքսատուն-վարչություն, ներկայացնել պետական ռեգիստրի վկայականի պատճենը, կազմակերպության կողմից հաստատված ձևով (եթե կազմակերպություն է և ունի կնիք, ապա կնքված և ստորագրությունով)՝ վրան գրելով կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև տնօրենի կամ Ա/Ձ-ի անձնագրի պատճենը։
Եթե Դուք զբաղվում կամ զբաղվելու եք արտադրությամբ, ապա փաթեթավորման գործընթացին հասնելուն պես, բացի դիզայներական լուծումներից՝ բախվելու եք խնդրի, քանի որ պետք է որոշեք, թե ինչ տեղեկատվություն եք պարտավոր տրամադրել Ձեր ապագա գնորդին:
Այսպիսով, Հայաստանում գործում են պարտադիր պահանջներ, պետք է պահպանեք մակնիշավորման ընթացքում, ինչպես նաև կա տեղեկատվություն, որը կարող եք ներառել Ձեր մակնիշավորման ընթացքում:
Այս տեղեկատվությունը վերաբերվում է հիմնականում սպառողների առողջությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին: Այդպիսի տեղեկատվության օրինակներ են՝
Այս տեսակի տեղեկատվությունը հիմնականում օգտագործվում է որպես մարքեթինգային միջոց: Այդպիսի տեքստի տեղեկատվության օրինակներ են «Բնական», «Արտադրված է Հայաստանում» և այլն:
Բիզնեսի գործունեության ծավալման ընթացքում շատ գործարարներ որոշում են ստեղծել իրենց կայքը կամ հենց ամենասկզբում այդ կայքի օգնությամբ կազմակերպել վաճառքների գործընթացը։ Կայքի ստեղծմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև կազմակերպել դոմեյնի գրանցման գործընթացը։
Դոմեյնը համացանցում կայքի հասցեի տեքստային ներկայացումն է։ Հենց դոմեյնն է առաջինը օգնում տարբերվել մնացյալ կայքերից և ուրույն տեղ ունենալ համացանցի անսահման տիրույթում։
Դոմեյն գրանցել կարող են գրանցել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք։ Սկզբում պետք է ընտրել դոմեյնի անունը և ստուգել արդյոք այն ազա՞տ է, թե՞ ոչ։
Դոմեյնի գրանցումը «am» տիրույթում միջինում արժե տարեկան 8000 դրամ։
Ահա մի քանի կայք, որոնք կօգնեն արագ հասկանալ, թե որ տարբերակն է հասանելի և միանգամից ցույց կտան դոմեյնի գրանցման արժեքը՝
1
Ընտրե՛ք անուն, որը հեշտ է թե՛ հիշելու, թե՛ գրելու տեսանկյունից։
2
Օգտագործե՛ք հապավումներ կամ կրճատումներ, եթե դրանք արդիական են Ձեր կայքի համար։
3
Դոմեյնի անվան մեջ օգտագործե՛ք բրենդի անվանումը։
4
Եթե դոմեյնի անունը զբաղված է, ապա կարող եք փորձել այն գնել ընթացիկ տիրոջից։ Շատ հաճախ դոմեյնները պարզապես գնում են, բայց չեն օգտագործում։
5
Աշխատե՛ք օգտագործել կարճ անուններ։
6
Ընտրե՛ք դոմեյնի այնպիսի անուն, որը նման չի լինի որևէ այլ անվան և օգտատերերի համար հեշտ կլինի հիշելը։