ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ
ԲԻԶՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

9

ՊԱՐԶ
ՔԱՅԼՈՎ

ՔԱՅԼ 1

Կազմակերպաիրավական ձևի որոշում

Եթե որոշել եք Հայաստանում բիզնես սկսել, Ձեզ նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ․ գրանցվում եք որպես անհատ ձեռնարկատեր, թե՞ որպես իրավաբանական անձ:

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԵ՞

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

Անհատ ձեռնարկատերը (ԱՁ) իրավաբանական անձ չի համարվում, այլ պարզապես ենթադրում է, որ ֆիզիկական անձը հաշվառվում է և ձեռք է բերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

ՍՊԸ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

ԼՊԸ

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Ի տարբերություն ՍՊԸ-ի՝ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

ՎՎՀԸ

Վստահության վրա հիմնված ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը

ԱՁ

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելու, վաճառքների կամ ծառայություններ մատուցելու արդյունքում շահույթ ստանալն է:

ԲԲԸ

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք:

ՓԲԸ

Փակ բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն։

ՔԱՅԼ 2

Պետական գրանցում

Ձեր նախընտրած կազմակերպաիրավական ձևն ընտրելուց հետո ժամանակն է մտածել պետական գրանցում կամ հաշվառում ստանալու մասին:

Գրանցվել հնարավոր է ինչպես օֆլայն՝ այցելելով Պետռեգիստրի (իրավաբանական անձանց պետական ռեգիստր) Ձեր նախընտրած գրասենյակը, այնպես էլ օնլայն։

ՔԱՅԼ 2․1 Պետական գրանցում «օֆլայն»

Պետռեգիստր այցելելիս պետք է․

1

ԱՁ դեպքում հարկավոր է Ձեզ մոտ ունենալ անձնագիր՝ սոց․ քարտի հետ միասին կամ ներկայացնել միայն նույնականացման քարտ, ինչպես նաև վճարել 3000 դրամ պետական տուրք։

2

Իրավաբանական անձ գրանցելիս /օրինակ՝ ՍՊԸ/ անհրաժեշտ է բոլոր մասնակիցների և տնօրենների ներկայությունը, ինչպես նաև նրանք պետք է ունենան անձնագիր և սոց․ քարտ կամ նույնականացման քարտ: ՍՊԸ գրանցելիս նաև պետք է նախապես մտածել ընկերության անունը հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, որոշել ընկերության իրավաբանական հասցեն, ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը, մասնակիցների փայաբաժինների չափը, ինչպես նաև նշել ընկերության գործունեության տեսակը:

ՔԱՅԼ 2․2 Պետական գրանցում «օնլայն»

 Առցանց գրանցվելու համար հարկավոր է ունենալ․

Նույնականացման քարտ

Հարկավոր է ունենալ նույնականացման քարտ, ինչպես նաև էլեկտրոնային mID ստորագրություն 

Էլեկտրոնային ստորագրություն

Անհրաժեշտ է Ձեր բջջային օպերատորի սպասարկման կետում ակտիվացնել mID ստորագրությունը

Երբ արդեն ակտիվացրել եք Ձեր էլեկտրոնային ստորագրությունը, կարող եք գրանցվել e-register.moj.am կայքում:

ՔԱՅԼ 3

Հարկման ռեժիմի ընտրություն և գրանցում

Պետական գրանցում ստանալուց հետո բիզնեսը ունի 20 օր ժամկետ իր համար հարմար հարկման ռեժիմ ընտրելու համար։

Բացի այդ՝ բնականոն գործունեություն ծավալելու համար հարկավոր է գրանցվել Հարկային մարմնի կայքում այս հղումով: 

Համակարգում գրանցվելու համար նախ պետք է գրանցել Լիազոր օգտվող, ով, ըստ էության, Ձեր կազմակերպության ադմին օգտվողն է, որը կարող է հետագայում ավելացնել կամ փոփոխել օգտվողների իրավասությունները:

Հարկման ռեժիմի ընտրություն

Հարկման ռեժիմի ընտրությունը բիզնես սկսելիս ամենակարևոր ու էական գործողությունն է: Շատ բիզնեսներ բաց են թողնում ընտրության ժամկետը կամ մտածում են, որ պետական ռեգիստրում նշել են իրենց հարկման ռեժիմը, և դա բավարար է: Այս գործողության մեջ թերացումն ամենամեծ ֆինանսական ռիսկերն է պարունակում, ուստի հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:

ՀՀ-ում այս պահին գործում են հարկման 3 հիմնական ռեժիմներ։

Ընդհանուր հարկման ռեժիմ

Կազմակերպությունները և ԱՁ-ները վճարում են 20% ավելացված արժեքի հարկ։ Ինչպես նաև հարկվող շահույթից հաշվարկվում է շահութահարկ՝ կազմակերպությունների դեպքում 18%, իսկ ԱՁ-ների դեպքում այն կազմում է 23%։

Շրջանառության հարկի ռեժիմ

Հարկը հաշվարկվում է շրջանառությունից ֆիքսված տոկոսադրույքով՝ կախված գործունեության տեսակից։

Միկրո Ձեռնարկատիրություն

Մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները չեն վճարում շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և/կամ շրջանառության հարկ։

ՔԱՅԼ 4

Բանկային հաշվի բացում

Բիզնեսը գրանցելուց հետո անհրաժեշտ է նաև բացել բանկային հաշիվ, որտեղ կարտացոլվեն բիզնեսի անկանխիկ դրամական հոսքերը:

Հայաստանում գործող բոլոր բանկերը սպասարկում են իրավաբանական անձանց և ԱՁ-ներին: 

Բիզնեսի համար բանկային հաշիվ բացելու համար հարկավոր է բանկ ներկայացնել․

Բիզնեսի համար բանկային հաշիվ բացելու համար հարկավոր է բանկ ներկայացնել․

1

Պետական գրանցման վկայականի բնօրինակը։

2

ԱՁ-ի դեպքում՝ ԱՁ հաշվառված անձի անձնագիրը և սոց․քարտը կամ նույնականացման քարտը։

3

Իրավաբանական անձի դեպքում հարկավոր է ներկայացնել նաև կանոնադրության բնօրինակը։

4

Իրավաբանական անձի դեպքում՝ տնօրենի անձնագիրը և սոց․քարտը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև  բոլոր հիմնադիրների անձնագրի և սոց քարտի պատճենները կամ նույնականացման քարտի պատճենը:

Բանկում հաշիվ բացելու ընթացքում՝ առանձին դեպքերում ոլորտի առանձնահատկություններից ելնելով կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս։

*Ցանկանում ենք նշել, որ բանկում հաշվարկային հաշիվ բացելու գործընթացը սովորաբար տևում է մոտ 15 րոպե:

ՔԱՅԼ 5

ՀԴՄ գրանցում

Եթե Ձեր բիզնեսը ենթադրում է կանխիկ վաճառքներ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել Հսկիչ դրամարկղային մեքենա կամ առավել հայտնի ՀԴՄ:

ՀԴՄ հնարավոր է ձեռք բերել տարբեր ներմուծող կազմակերպություններից, կամ մեկ այլ բիզնեսից՝ արդեն շահագործած:

Եթե որոշում եք ձեռք բերել շահագործած ՀԴՄ, ապա գնելուց առաջ ՀԴՄ սպասարկող ընկերություններին հայտնելով սարքի սերիահամարը՝ կարող եք պարզել, արդյո՞ք այդ պահին այդ սարքը գրանցված է այլ բիզնեսում, թե ոչ, ինչպես նաև արդյոք այդ սարքի սպասարկման գումարը վճարվա՞ծ է, թե՞ առկա է պարտք: Եթե սարքը շահագործողը այն չի հանել հաշվառումից կամ չի վճարել սպասարկման գումարը, նոր գնորդը չի կարողանա գրանցել այդ սարքը:

ՀԴՄ գնելուց հետո այն հարկավոր է գրանցել:
Գրանցման հայտը հանձնելուց հետո ՀԴՄ սպասարկող ընկերության աշխատակիցները կմոտենան և կկազմակերպեն ՀԴՄ կարգավորումները:

ՔԱՅԼ 6

Լոգոյի գրանցում

Ամենատարբեր բիզնեսների մեջ առանձնանալու համար յուրաքանչյուր բիզնես իր ուրույն դիզայնն ու անունն է ստեղծում։ Լոգոյի ստեղծումն այդ քայլերից մեկն է։ Սակայն կարևոր է նաև այդ լոգոյի (ապրանքային նշանի) գրանցման գործընթացը։

Ժամանակի ընթացքում բիզնեսի ճանաչված դառնալու դեպքում լոգոյի իրավական ամրագրումը կրկնօրինակումներից և կեղծիքներից խուսափելու միջոց է։ 

Ապրանքային նշանի գրանցումը թույլ է տալիս․ 

1

Բացառիկ իրավունքով կիրառել այդ նշանը։

2

Արգելել երրորդ անձանց օգտագործել այն։

Եթե Ձեր ապրանքային նշանը գրանցել եք Հայաստանի Հանրապետությունում, ապա այն իրավապես պաշտպանված է լինելու միայն Հայաստանում։ 

Ապրանքային նշան/լոգո կարող են լինել՝

  • բառերը և բառակապակցությունները, 
  • անունները և կարգախոսները, 
  • տառերը կամ թվերը, 
  • նկարները կամ խորհրդանշանները, 
  • եռաչափ պատկերները, 
  • հոլոգրամները և գույները և այլն։ 

Ապրանքային նշան գրանցելու համար անհրաժեշտ է․

1․ Լրացնել հայտը https://my.aipa.am/trademark/incoming#

2․ Ներկայացնել հայտը Մտավոր սեփականության գործակալություն։

Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը հինգ ամիս է:

Ապրանքային նշան գրանցելիս անհրաժեշտ է կատարել պետական վճարումներ՝ 

  • հայտը ներկայացնելու համար՝ 30 հզր դրամ
  • փորձաքննություն անցկացնելու համար՝ 40 հզր դրամ
  • 1-ից ավել յուրաքանչյուր դասի համար՝ 15 հզր դրամ

Ֆիզիկական անձինք և 0-25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք այս տուրքերը վճարում են 75% զեղչով։ Իսկ 25-100 աշխատող ունեցող կազմակերպությունները՝ 50% զեղչով։ 

Ապրանքային նշան կարող են գրանցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Գրանցման գործողության ժամկետը 10 տարի է։ 

ՔԱՅԼ 7

Մաքսային թղթապանակի բացում

Գոյություն ունի ներմուծման և արտահանման գործընթացները կազմակերպելու 2 տարբերակ․

1

ԵԱՏՄ անդամ պետություններ ներմուծում և արտահանում։

2

Երրորդ երկրներ ներմուծում և արտահանում։

Եթե ներմուծում եք ԵԱՏՄ անդամ պետություններից, ապա ներմուծման ժամանակ մաքսային ձևակերպում իրականացնել անհրաժեշտ չէ, սակայն պետք է ԵՏՄ գործարքների դարանում լրացնել ներմուծվող ապրանքների ցանկը և դրանց ԱԱՀ-ն վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը։ 

Իսկ եթե ներմուծումը երրորդ երկրից եք կատարում, ապա Ձեր բեռը կպահպանվի մաքսային տերմինալում մինչև այն մաքսազերծելը, երբ պարտավոր կլինեք կատարել մաքսային բոլոր վճարումները։

Ներմուծման ժամանակ ԵՏՄ գործարքների դարան սովորաբար վճարում են հաշվապահները և մաքսային ձևակերպում կատարողների կարիք չկա։ Իսկ երրորդ երկրներից ներմուծումների համար անհրաժեշտ է լրացնել ներմուծման դեկլարացիա, որի համար Ձեզ հարկավոր է մաքսային ձևակերպումների մասնագետ։

Ապրանքներ ներմուծելու կամ արտահանելու համար անհրաժեշտ է նախ ընկերությունը գրանցել մաքսային մարմնում կամ, ինչպես ընդուված է ասել, բացել «մաքսային թղթապանակ»։

Մաքսային թղթապանակ բացել հնարավոր է և՛ օնլայն և՛ օֆլայն տարբերակով։ 

Անհրաժեշտ է մոտենալ Ձեր գրանցման Արտաքին Տնտեսական Գործունեության Մաքսային Սպասարկման և Հսկողության Վարչություն, ներկայացնել պետական ռեգիստրի վկայականի պատճենը, կազմակերպության կողմից հաստատված ձևով (եթե կազմակերպություն է և ունի կնիք, ապա կնքված)՝ վրան գրելով կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև տնօրենի կամ ԱՁ-ի անձնագրի պատճենը։

ՔԱՅԼ 8

Պիտակավորում

Եթե Դուք զբաղվում կամ զբաղվելու եք արտադրությամբ, ապա փաթեթավորման գործընթացին հասնելուն պես, բացի դիզայներական լուծումներից՝ բախվելու եք խնդրի, քանի որ պետք է որոշեք, թե ինչ տեղեկատվություն եք պարտավոր տրամադրել Ձեր ապագա գնորդին:

Այսպիսով, Հայաստանում գործում են պարտադիր պահանջներ, պետք է պահպանեք մակնիշավորման ընթացքում, ինչպես նաև կա տեղեկատվություն, որը կարող եք ներառել Ձեր մակնիշավորման ընթացքում:

Պարտադիր տեղեկատվություն

Այս տեղեկատվությունը վերաբերվում է հիմնականում սպառողների առողջությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին: Այդպիսի տեղեկատվության օրինակներ են՝

  • արտադրության ամսաթիվ / պիտանելիության ժամկետ,
  • բաղադրություն / սննդային արժեք
  • պահպանման պայմաններ,
  • ալերգեններ,
  • օգտագործման վերաբերյալ ցուցումներ, և այլն։

Ոչ պարտադիր տեղեկատվություն

Այս տեսակի տեղեկատվությունը հիմնականում օգտագործվում է որպես մարքեթինգային միջոց: Այդպիսի տեքստի տեղեկատվության օրինակներ են «Բնական», «Արտադրված է Հայաստանում» և այլն:

ՔԱՅԼ 9

Դոմեյնի որոնում գրանցում

Ի՞նչ է դոմեյնը

Բիզնեսի գործունեության ծավալման ընթացքում շատ գործարարներ որոշում են ստեղծել իրենց կայքը կամ հենց ամենասկզբում այդ կայքի օգնությամբ կազմակերպել վաճառքների գործընթացը։ Կայքի ստեղծմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև կազմակերպել դոմեյնի գրանցման գործընթացը։ 

Դոմեյնը համացանցում կայքի հասցեի տեքստային ներկայացումն է։ Հենց դոմեյնն է առաջինը օգնում տարբերվել մնացյալ կայքերից և ուրույն տեղ ունենալ համացանցի անսահման տիրույթում։

Ո՞վ կարող է գրանցել դոմեյն

Դոմեյն գրանցել կարող են գրանցել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք։ Սկզբում պետք է ընտրել դոմեյնի անունը և ստուգել արդյոք այն ազա՞տ է, թե՞ ոչ։

Որքա՞ն է դոմեյնի արժեքը և որտեղի՞ց այն ձեռք բերել

Դոմեյնի գրանցումը «am» տիրույթում միջինում արժե տարեկան 8000 դրամ։

Ահա մի քանի կայք, որոնք կօգնեն արագ հասկանալ, թե որ տարբերակն է հասանելի և միանգամից ցույց կտան դոմեյնի գրանցման արժեքը՝

  1. Reg.am
  2. Internet.am
  3. Name.am
  4. Hayhost.am
  5. Web.am
  6. Fractal.am
  7. Webhost.am
  8. Ovio.am

Ինչպե՞ս ընտրել դոմեյն

1

Ընտրե՛ք անուն, որը հեշտ է թե՛ հիշելու, թե՛ գրելու տեսանկյունից։

2

Օգտագործե՛ք հապավումներ կամ կրճատումներ, եթե դրանք արդիական են Ձեր կայքի համար։ 

3

Դոմեյնի անվան մեջ օգտագործե՛ք բրենդի անվանումը։

4

Եթե դոմեյնի անունը զբաղված է, ապա կարող եք փորձել այն գնել ընթացիկ տիրոջից։ Շատ հաճախ դոմեյնները պարզապես գնում են, բայց չեն օգտագործում։

5

Աշխատե՛ք օգտագործել կարճ անուններ։

6

Ընտրե՛ք դոմեյնի այնպիսի անուն, որը նման չի լինի որևէ այլ անվան և օգտատերերի համար հեշտ կլինի հիշելը։ 

Փաստաթղթերի օրինակելի ձևեր

Կապ մեզ հետ

Հեռախոսահամար ՝ 060 500 987

Էլ․ հասցե՝ info@team2b.am