Օգտակար տեղեկություններ եկամուտների հայտարարագրման մասին

Հայտարարագրման պարտավորությունը տարաբնույթ է՝ կախված անձի զբաղվածության տեսակից և ստացված եկամուտների բնույթից: Այս հոդվածում անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք շատ հարցեր են առաջացրել։

  • Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։ 

  • Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր

Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։

  • Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։ 

  • Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։   

  • Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

  • Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

  • Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

  • Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):

Եթե դժվարանում եք որոշել՝ արդյոք պետք է ներկայացնեք հայտարարագիր, կամ ունեք հարցեր լրացման վերաբերյալ, team2b-ի փորձագետները պատրաստ են օգնել: Դիմեք մեզ՝ ստանալով մասնագիտական աջակցություն հայտարարագրման ողջ գործընթացում:

Հղում

Սեդա Առաքելյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

6 տարվա մասնագիտական փորձ, ՏՏ ոլորտի և ֆինանսական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառում: