Ընդլայնվել է սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը

ՀՀ կառավարության N 157-Ն որոշմամբ զգալիորեն ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը: Կրթության և առողջապահության ոլորտներում ներդրվել են նոր ուղղություններ և փոփոխվել են փոխհատուցման որոշ ընթացակարգեր:

Կրթության գծով նոր փոխհատուցվող ուղղություններ

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակն այժմ ներառում է նաև՝

  • Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներ
  • Արտադպրոցական կազմակերպություններ և կենտրոններ
  • Մանկապատանեկան մարզադպրոցներ
  • Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրեր
  • Ոչ ֆորմալ կրթական ծրագրեր

Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, պայմանով, որ վճարումները կատարվել են անկանխիկ եղանակով:

Կրթական ծրագրերի երաշխավորման պայմանը

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները ենթակա են փոխհատուցման, եթե այդ ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ:

Կարևոր! 2024 թվականի համար կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը կդիտարկվի հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ: Հետևաբար, 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը:

Դասագրքերի վարձակալության վճարների փոխհատուցում

Նոր որոշմամբ կփոխհատուցվեն նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերը՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան մինչև 3000 դրամի չափով:

Այս մասով փոխհատուցումը կտրամադրվի նաև 2024 թվականին կատարված ծախսերի համար: Կարևոր առանձնահատկություն. դասագրքերի վարձակալության դեպքում չի պահանջվի հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված

 տեղեկատվությունը (աշակերտների և նրանց ծնողների անուն, ազգանուն, ՀԾՀ):

Առողջապահության գծով ընդլայնված փոխհատուցումներ
Ատամնաբուժական ծառայությունների փոխհատուցում

Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակն ընդլայնվել է: Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար կատարված վճարումները:

Կարևոր! 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն միայն անկանխիկ վճարումների դեպքում:

Ի տարբերություն առողջության ապահովագրական փաթեթի, որից սոցիալական փաթեթի շահառուները կարող էին օգտվել միայն իրենց ընտանիքի անդամների համար, ատամնաբուժական ծառայությունների դեպքում նրանք կարող են օգտվել նաև իրենց համար կատարված ծախսերի փոխհատուցումից:

Անկանխիկ վճարման պարտադիր պահանջը

2025թ. փետրվարի 15-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է պարտադիր պայման՝ առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն միայն անկանխիկ եղանակով կատարված լինելու դեպքում:

Բացառություն են կազմում միայն դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց համար վճարման եղանակը հաշվի չի առնվում:

Լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմին

Որոշմամբ սահմանվել է նաև տեղեկատվության փոխանցման կարգը՝

  • Կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ։
  • Առողջապահության պետական կառավարման լիա­զոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղե­­­կատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: 

Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

Փոխհատուցման առավելագույն չափը

Փոխհատուցման առավելագույն չափը մնացել է անփոփոխ՝

  • Առողջապահության գծով՝ տարեկան 50,000 դրամ
  • Կրթության գծով՝ տարեկան 100,000 դրամ

Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 100,000 դրամը: Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ:

Հղում՝ https://www.src.am/am/getNews/891

Անի Մխոյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

7 տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է ՏՏ և միջազգային ընկերությունների  հաշվապահական հաշվառմամբ: