fbpx

Ո՞վ պետք է ներկայացնի եկամուտների տարեկան հայտարագիր

Play Video

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

2023 թ.ի համար արդեն 2024 թ.ին մի խումբ ՀՀ քաղաքացիներ պետք է ներկայացնեն իրենց առաջին եկամուտների տարեկան հայտարարագիրը: Այս հոդվածում մանրամասն ներկայացված է, թե ովքեր և ինչպես պետք է դա անեն`

Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր:

Մինչև 2024 թ.ի մայիսի 1-ը (ժամկետը երկարաձգվել է 80 օրով*) ներառյալ հարկային մարմին պետք է  ներկայացնեք եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):

Եթե դուք 2023 թ.ի ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողից ստացել եք եկամուտ և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, ով՝

ա. 2023 թ.ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն է զբաղեցնում,

բ. 2023 թ.ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում է (հանդիսացել է) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ)

գ. Եթե հանդիսանում եք իրական շահառու, այսինքն՝

  • ուղղակի կամ անուղղակի տիրապետում եք իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունեք 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, կամ
  • իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում եք իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, կամ
  • հանդիսանում եք տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

դ. 2023 թվականի ընթացքում ստացել եք 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն:

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություն

Էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է․

  • Ձեռք բերել նույնականացման քարտ տարածքային անձնագրային տեսչությունից (PIN և PUK ծածկագրերով):
  • Բոլոր այն քաղաքացիները, ովքեր նույնականացման քարտ ստացել են 2023 թվականի փետրվարի 15-ից, էլեկտրոնային ստորագրության և նույնականացման հավաստագրեր կարող են ձեռք բերել բջջային օպերատորներից։
  • Իսկ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձինք Էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու համար կարող են օգտվել ARX Cosign ծառայությունից:
  • Անհրաժեշտ է  դիմել ԷԿԵՆԳ ընկերություն՝  support@ekeng.am  էլ. փոստին՝ ներկայացնելով իրենց փաստաթղթերը (կացության քարտ, hանրային ծառայության համարանիշի տեղեկանք, վճարման անդորրագիր):
  • Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ:

Անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝

Նույնականացման քարտով (չունենալու դեպքում՝ կարող եք ձեռք բերել միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից) և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն:

Բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոնում բջջային հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ տեղադրել նոր քարտ, այնուհետև սպասարկող անձնակազմի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։

Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալի միջոցով:

Նույնականացման քարտի (eID)  տարբերակով մուտք գործելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը  ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր: Եթե քաղաքացին չի պահպանել ծածկագրերը, ապա նույնականացման գործընթացը կարող է իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով՝ mID տարբերակով,
  • ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից:

Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները պետք է ստանան հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ):

Այս պահին ՀՎՀՀ ստանալու համար գործում է երեք տարբերակ.

  • Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը մոտենում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմին և  հարկ վճարողին տրամադրվում է ՀՎՀՀ։
  • Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում) կարող են մուտք գործել https://file-online.taxservice.am կայք («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ») և ՀՎՀՀ ստանալ` սեղմելով «Ներկայացնել դիմում» կոճակը:
  • self-portal.taxservice.am կայքում հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ՝ սեղմելով «ստանալ ՀՎՀՀ» կոճակը:

Եկամուտների տարեկան հայտարարագրի հանձնում

Self Portal համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։

Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։

Հայտարարարագրում լրացվում է՝

  • Հարկային գործակալից ստացվող աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտները և եկամտային հարկը, այլ եկամուտները և եկամտային հարկը,
  • Նվազեցվող եկամուտները,
  • Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտները և եկամտային հարկը,
  • Սոցիալական ծախսերը
  • Ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներըԱյս տվյալները հաստատելուց հետո համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում և արտացոլում է վճարման ենթակա հարկի գումարը կամ պետությունից վերադարձման ենթակա գումարը։ Ինչպես նաև ֆիզիկական անձը արդյո՞ք ունի սոցիալական ծախսի փոխհատուցում, թե՞ ոչ։

Վրեժ Սիրունյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է պետական և համայնքային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: