fbpx

Ի՞նչ է սոցիալական ծախսը և ինչ կապ ունի այն ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման համատեքստում

Play Video

ՊԵԿ-ի կողմից ներդրված եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալու տեսնել հայտարարատուի բոլոր եկամուտները և հարկել դրանք։ Փոխարենը հայտարարագիր ներկայացնող քաղաքացուն առաջարկվում է եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցում՝ և՛ իր, և՛ իր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներ են համարվում ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (ինչպես նաև որդեգրողները և որդեգրվածները)։

Ի՞նչ է սոցիալական ծախսը

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական ծախս են համարվում կրթության և առողջության հետ կապված ծախսերը։

Հայտարարատուն կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման համակարգից, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ կատարել է վճարումներ Հայաստանում գործող հետևյալ կրթական հաստատություններում՝

  • նախադպրոցական,
  • տարրական,
  • հիմնական,
  • միջնակարգ,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական),
  • միջին,
  • բարձրագույն,

հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսման համար։

Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար սոցիալական ծախս կատարելիս անհրաժեշտ է ծառայություն մատուցողին (ապահովագրական ընկերությանը կամ կրթական հաստատությանը) ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը ու պահանջել հաշվարկային փաստաթուղթ (Invoice): Ծառայություն մատուցողն էլ իր հերթին պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։ Հաշվարկային փաստաթուղթն ավտոմատ կհայտնվի հայտարարագրման համակարգում:

Սոցիալական ծախսերի փոխհատուցման ի՞նչ սահմանափակումներ են գործում

Այստեղ կարելի է տեսնել նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարը։ Օրինակ՝ եթե հայտարարատու անձը տարվա ընթացքում օգտվել է հիփոթեքի գումարը հետ ստանալու հնարավորությունից, և ամբողջ գումարի եկամտային հարկն արդեն վերադարձվել է՝ անկախ նրանից կունենա սոցիալական ծախս, թե՝ ոչ, վերադարձման ենթակա գումար չի ձևավորվի, որովհետև ամբողջ գումարն արդեն ետ է վերադարձվել։

Իսկ եթե մնացորդ է ձևավորվել, օրինակ՝ տարեկան եկամտային հարկը կազմել է 1,000,000 դրամ, իսկ հիփոթեքի համար վերադարձվել 900,000 դրամ, տարբերությունը ֆիզիկական անձը կարող է ստանալ:

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամ։ 

Հայտարարատուի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

Երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներակայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնել ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը՝

  • ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, 
  • ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, 
  • զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, 
  • որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ։

Եթե հայտարարատուն սոցիալական փաթեթի շահառու է, ապա առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվել չի կարող, փոխարենը կարող է օգտվել ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով։

Ինչպես նաև, եթե հայտարարատուն օգտվում է հիփոթեքային վարկի, ուսման վարձի կամ էլ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումը կատարավում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար  հաշվարկված և (կամ) վճարված հարկի գումարների և վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն։

Ի դեպ, 2024-ին հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները փոխհատուցում ստանալու նպատակով կարող են ծառայություն մատուցող ընկերությունից կամ հաստատությունից պահանջել 2023-ի ընթացքում կատարած սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ։

Եթե Դուք ևս մինչև մայիսի 1-ը ներկայացնելու եք հայտարարագիր ու դժվարանում եք կողմնորոշվել ընդհանուր գործընթացներում, ապա կարող եք հայտարարագրման վերաբերյալ խորհրդատվություն կամ ուղեցույց ստանալ՝ անցնելով այս հղմամբ։

Ինչ կապ ունի բանկային գաղտնիքի փոփոխությունը եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի հետ

Մինչև վերջերս բանկային գաղտնիքի մասին օրենքի 13-րդ հոդվածում ասվում էր․ «Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա»։

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նախատեսում է փոփոխություններ նաև բանկային գաղտնիքի մասին օրենքում․ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ Պետական եկամուտների կոմիտեի համար։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատման դեպքում ՊԵԿ-ն առանց դատարանի վճռի Կենտրոնական բանկի միջոցով առևտրային բանկերից բացարձակապես բոլոր հաշիվների վերաբերյալ ամփոփ տեղեկություն կարող է ստանալ։

Պարզ ասած՝ պետության կողմից վերահսկվելու են տարվա ընթացքում Ձեր բանկային հաշիվների բոլոր մուտքերն ու ելքերը։ 

ՊԵԿ-ը կարող է նույնիսկ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնելու պահանջ ներկայացնել։ Նման հարցում ստանալու պարագայում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է տրամադրեք բանկային քաղվածք, այլապես՝ գործը ստիպված կլինեք շարունակել դատարանում։

Հարկային մարմինը սկսելու է ստանալ հարկատուների տվյալների առաջին փաթեթը այս տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը: Նոր կարգավորումները կներդրվեն աստիճանական կերպով՝ զուգահեռ ընթանալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Սկզբում կստուգվեն պետական ու համայնքային ծառայողների, ինչպես նաև ձեռներեցների հաշիվները, այնուհետև՝ աշխատողների, իսկ 2025-ից սկսած կուսումնասիրվեն բոլոր ռեզիդենտ քաղաքացիների հաշիվները:

Նման որոշումը հիմնավորվում է պնդմամբ, որ հայտարարագրերում ներկայացված տվյալներն ամեն դեպքում պետք է ստուգվեն։ Սա հուշում է, որ քարտային հաշիվների մուտքերին ու ելքերին այսուհետ պետք է խիստ ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով, որ կարող է հարկվել նաև, օրինակ, Ձեր ծննդյան առթիվ ընկերոջ ուղարկած նվերը՝ գումարի տեսքով։

Անի Մխոյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

7 տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է ՏՏ և միջազգային ընկերությունների  հաշվապահական հաշվառմամբ: